ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ցանկություն է հայտնել հանդիպելու ռուս եւ օտարերկրացի իրավապաշտպանների ու փաստաբանների հետ:
«Շերեմետեւո» օդանավակայանի վարչակազմի աղբյուրը հաղորդել է, որ Սնոուդենը մտադիր է ինչ-որ հայտարարություն անել: Նա ցանկանում է իր վերաբերմունքն արտահայտել ԱՄՆ իշխանությունների կողմից իր նկատմամբ կիրառվող մանիակալ հետապնդման վերաբերյալ, ինչի արդյունքում տուժում են Լատինական Ամերիկա մեկնող բազմաթիվ ուղեւորներ, փոխանցում է «Gazeta.Ru»-ն:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ հանդիպման փաստը հաստատել են Հանրային պալատի անդամ Օլգա Կոստինան եւ փաստաբան Հենրիխ Պադվան, որոնք եւս հրավիրված են հանդիպմանը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ Սնոուդենը հունիսի 23-ից գտնվում է մոսկովյան «Շերեմետեւո» օդանավակայանում, սակայն չի կարող ոչ մի տեղ մեկնել, քանի որ ամերիկյան իշխանությունները նրա անձնագիրն անվավեր են ճանաչել: Վերջերս միանգամից 3 պետություններ` Վենեսուելան, Նիկարագուան ու Բոլիվիան, նրան կացարան են առաջարկել:



























