Երկու նպատակները՝ Վրաստանի հաջողությունը Վիլնյուսի գագաթաժողովում եւ անցյալի ժառանգության հետ պայքարը չպետք է իրար հակասեն: Այս մասին Բաթումում ընթացող «Վրաստանի եվրոպական ուղին» կոնֆերանսում  հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ըստ նրա՝ Վիլնյուսի գագաթաժողովում Վրաստանի՝ հաջողության չհասնելու մասին խոսակցություններն առասպել են:

 «Շատ երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ անձնական կարծիքս հայտնելու այն երկու առասպելների մասին, որոնք քննարկվում են: Առաջինն այն է, որ Վիլնյուսի գագաթաժողովում Վրաստանի՝ հաջողության հասնելու հնարավորությունները չնչին են եւ որ Վրաստանը խորհրդարանական ընտրություններից հետո չի շարունակում նախկինում ընտրած ուղին, որը հիմնված է եվրոպական եւ ժողովրդավարական բարեփոխումների վրա:

Սա առասպել է, որը ժխտման կարիք ունի: Երկրորդ առասպելն այն է, որ կապ չունի, թե ինչպես է աշխատում պետությունը անցյալի ժառանգության ուղղությամբ եւ որ ԵՄ-ն բավական ակտիվ չէ ու չի ընդունում երկրում կատարվող գործընթացները:

Սա սուտ է, մենք հետեւում ենք Վրաստանում կատարվող բոլոր գործընթացներին:  Բոլոր գործընթացները կարեւոր են ԵՄ-ի համար:

Չափանիշներն ու արժեքները պետք է կյանքի կոչվեն՝ միասին հաջողության հասնելու համար:  Երկու նպատակները՝ Վրաստանի հաջողությունը Վիլնյուսի գագաթաժողովում եւ անցյալի ժառանգության պայքարը չպետք է իրար հակասեն», - հայտարարել է Ֆյուլեն, գրում է «Գռուզիա Online»-ը:

Նա նաեւ հավելել է, որ վերջին 9 ամիսներին սա իր երրորդ այցն է Վրաստան, ինչը եւս մեկ անգամ հաստատում է Վրաստանի կարեւորությունը: