Ֆրանսիական կողմն Հայաստանին անկեղծորեն մաղթում է Կովկասում քաղաքակրթությունների խաչմերուկի պատմական դերի վերադարձ: Այս մասին հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին` դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը բարդ աշխարհաքաղաքական շրջապատում է: «Շատ բնական է, որ Հայաստանն ուզում է բաց սահմաններ ունենալ բոլոր ուղղություններով»,-նկատել է ֆրանսիացի դիվանագետը, հավելելով, որ հայկական դիվանագիտությունն աշխատում է այդ ուղղությամբ: Այդ համատեքստում Անրի Ռենոն ընդգծել է, որ 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը մեծ հույսեր էր ներշնչել:

«Ցավոք, սպասումները չարդարացան: Որպեսզի Հայաստանը դառնա բաց սահմաններով երկիր, անհրաժեժտ է շարունակել բանակցությունները: Ֆրանսիան դա ամենաշատն է ցանկանում: Հուսով ենք, որ Հայաստանը կկարողանա հնարավորինս շուտ վերադարձնել Կովկասում քաղաքակրթությունների խաչմերուկի պատմական դերը»,-հայտարարել է Ռենոն: