Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Ըստ նրա՝ ասվածը վերաբերում է համագործակցության բոլոր ոլորտներին՝ սկսած քաղաքական ինտենսիվ երկխոսությունից, պարբերաբար անցկացվող ամենաբարձր մակարդակի հանդիպումներից, վերջացրած տնտեսական համագործակցության զարգացմամբ: Դեսպանի խոսքով՝ տարի չի լինում, որ երկու երկրների նախագահները չհանդիպեն: Իսկ Հայաստանի արտգործնախարարը տարեսկզբից ի վեր արդեն երկու անգամ եղել է Ֆրանսիայում: Որպես հարաբերությունների բարձր մակարդակի դրսեւորում դեսպանը մատնանշել է ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի մասնակցությունը:

«Ֆրանսիան Հայաստանում արեւմտյան առաջատար ներդրողն է, հուսով եմ ապագայում համագործակցության նոր նախաձեռնություններ կլինեն տնտեսական ոլորտում», - նշել է դեսպանը:

Ըստ նրա՝ ներդրումների առկա մակարդակը բավական բարձր է եւ աճի միտում ունի: Այս համատեքստում դեսպանն ընդգծել է, որ կցանկանար ավելի շատ ֆրանսիական ապրանքներ տեսնել  հայկական խանութներում, իսկ Հայաստանի ճանապարհներին՝ ավելի մեծ թվով ֆրանսիական ավտոմեքենաներ:

Անրի Ռենոն նշել է, որ ֆրանսիական ձեռնարկությունները ներկայացված են Հայաստանի տնտեսության ռազմավարական ոլորտներում: Որպես օրինակ նա մատնանշել է «Կրեդիտ ագրիկոլ բանկի», Երեւանի կոնյակի գործարանի, «Օրանժ Արմենիայի» հաջող աշխատանքը եւ հույս հայտնել, որ ապագայում ֆրանսիական նոր ընկերություններ կհայտնվեն Հայաստանի շուկայում:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am