Փաստաբաններ Դիանա Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը, Արա Զաքարյանը եւ Մուշեղ Շուշանյանը հրաժարվել են իրենց վրա տարածվող համաներման իրավունքից: Ավելին, նրանք, թեեւ շոյված են Հայ Ազգային Կոնգրեսի խնդրանքից՝ չհրաժարվել համաներման իրավունքից, բայց մտադիր են պայքարել մինչեւ վերջ՝ պատասխանատվության ենթարկելու հանցագործ դատավորներ Եվա Դարբինյանին եւ Արշակ Պետրոսյանին:
Չորս պաշտպաններն էլ մեղադրվում են դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ: Մուշեղ Շուշանյանը քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի դատաքննության ընթացքում բողոքել էր դատավոր Արշակ Պետրոսյանի հանցավոր գործունեության դեմ եւ լքել էր դատարանի դահլիճը, իսկ մնացած երեք փաստաբանները 2008թ. հոկտեմբերին ԱԺ պատգամավոր, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Պիցցա դի Ռոմա» սրճարանի տնօրեն Գեւորգ Սաֆարյանի եւ աշխատակից Անուշ Ղավալյանի դատաքննության ժամանակ հայտարարել էին, թե դատավոր Եվա Դարբինյանը փաստաթուղթ է կեղծել: Դատավորը չէր վերացրել իր ապօրինությունը, եւ պաշտպանները ի նշան բողոքի հեռացել էին դահլիճից: Բոլոր փաստաբանների դեմ էլ հարուցվել էր քր.գործ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:
Դատավճռի դեպքում հնարավոր է, որ պաշտպանները զրկվեն իրենց արտոնագրից, եւ Հայ Ազգային Կոնգրեսը նրանց խնդրել էր չհրաժարվել համաներման իրավունքից:
Պաշտպան Արթուր Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զորւյցում հայտնեց, որ շնորհակալ են կոնգրեսին, որ բարձր է գնահատել իրենց աշխատանքը, բայց իրենք չեն կարող ընդունել այն, քանի «պիտի բարձրացնենք հանցագործ դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը»:
Պաշտպան Դիանա Գրիգորյանն իր հերթին NEWS.am-ին հայտնեց, որ դեռ երկու շաբաթ առաջ Արաբկիրի քննչական բաժնում պաշտպանները հրաժարվել են համաներումից: «Հաճելի է, որ ՀԱԿ-ը մտածում է մեր մասին, բայց դա մեր դիրքորոշման վրա չի կարող ազդել»,- նշեց Դիանա Գրիգորյանը եւ հավելեց, որ իրենց իրավունքների համար պայքարելու են մինչեւ վերջ, որ իրավապահների խելքին չփչի կրկին ապօրինություններ անել:




























