Երեւանում հուլիսի 9-11-ը անցկացվել է ՀԱէԿ-ի վթարի դեպքում ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողով եւ շտաբային վարժանք: Այն կազմակերպել էին ՀՀ ԱԻ նախարարությունը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ ռազմաքաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման ծրագրի շրջանակներում:

ԱԻՆ լրատվության ծառայությունից հայտնում են, թե Հայաստանում առաջին անգամ վարժանքին ներգրավված էին նաեւ ԱԻ նախարարության համակարգում աշխատող հաշմանդամություն ունեցող անձինք:

«Ատոմ 2013» շտաբային վարժանքի սցենարի համաձայն՝ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել վթար եւ վտանգավոր նյութի արտահոսք շրջակա միջավայր, որի հետեւանքով բնակչությանը լուրջ վտանգ է սպառնում: Անհրաժեշտ էր իրականացել մոտակա բնակավայրերի բնակիչների տարհանում եւ իրականացնել պաշտպանական միջոցառումներ: Ըստ մտահղացման` իրավիճակը գնալով բարդանում է, եւ ՀՀ կառավարությունն օգնության խնդրանքով դիմում է միջազգային հանրությանը:

Կարեւորելով հանրային իրազեկման խնդիրը` վարժանքի շրջանակներում խաղարկվել են ճեպազրույց եւ մամուլի ասուլիս, որոնք նպատակ ունեին օգնել ոլորտի փորձագետ-խոսնակներին պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում հրատապ տեղեկություններ տրամադրել բնակչությանն ու լրատվամիջոցներին, ինչպես նաեւ կանխել հնարավոր խուճապային իրավիճակները:

Հուլիսի 10-ին «Ատոմ 2013» վարժանքի ուսումնական շտաբ էին այցելել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ծանոթանալով վարժանքի աշխատանքային խմբերին ու ներկա գտնվելով խաղարկային ճեպազրույցին` ԱԻ նախարարը եւ ԱՄՆ դեսպանը գոհունակություն են հայտնել վարժանքի ընթացքի ու կատարված աշխատանքի վերաբերյալ:

Դեսպան Հեֆերնը լրագրողների հետ զրույցում կարեւորել է ատոմակայանի անխափան գործունեությունը` նշելով, որ Միացյալ Նահանգները ջանքեր է ներդնում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում եւ արդյունավետ համագործակցում ԱԻ նախարարության հետ:

ԱԻ նախարարի եւ ԱՄՆ դեսպանի հանդիպման ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ԱԻ նախարարության եւ ԱՄՆ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության միջեւ փոխգործակցության վերաբերյալ: