Հայաստանին առայժմ հաջողվել է պայմանավորվել Եվրամիության հետ եվրոպական եւ ռուսական քաղաքականությունների ստանդարտավորման հարցում: Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի հունվար-հունիս ամիսների կիսամյակային հաշվետվությունում նշվում է, որ Հայաստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ տեխնիկական կանոնադրությունները, որոնք պետք է ներդաշնակեցնել ստանդարտների եվրոպական քաղաքականության հետ, կարող են գոյակցել ԱՊՀ տարածքում գործող տեխնիկական կանոնադրությունների հետ:
Դա արվում է այն նպատակով, որ Հայաստանը ստիպված չլինի ընդհատել այդ երկրների շուկաներ ուղղված ավանդական մատակարարումները, ասված է հաշվետվությունում:
NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Միասնական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլի Բոյցովի խոսքով, Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի եւ Մաքսային միության միջեւ: Հակառակ դեպքում եվրոպական մոդելների համար հավաստագրված ապրանքները պետք է լրացուցիչ ստուգվեն Միասնական մաքսային տարածք մուտք գործելիս:





























