Մոլդովայի ՀԿ ներկայացուցիչները պահանջում են խորհրդարանական իրավապաշտպան Աուրելիա Գրիգորիուի հրաժարականը, հաղորդում է vesti.md-ը:
«Տիկին Գրիգորիուն իրեն թույլ է տվել միջազգային կոնֆերանսի ժամանակ քաղաքական հայտարարություն անել եւ Եվրոպայի խորհրդի անդամ-պետությունների պատասխանատվության եւ հակամարտության գոտիներում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակը սխալ է ներկայացրել, ինչը խորհրդարանական իրավապաշտպանի ի պաշտոնե բխող պարտավորություններին չի համապատասխանում»,-հայտարարել են ստորագրողները:
Նրանց խոսքով` Աուրելիա Գրիգորիուի ելույթը լարվածության նախադրյալներ է ստեղծել Մոլդովայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում:
Հիշեցնենք, որ օրերս մոլդովացի խորհրդարանական իրավապաշտպան Աուրելիա Գրիգորիուն Երեւանում ընթացող միջազգային կոնֆերանսում հայտնել էր, որ «Հայաստանը զավթել է Ադրբեջանի տարածքի 20%-ը եւ ցեղասպանություն իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»: Այս հայտարարությունն առաջացրել էր բացասական արձագանք ինչպես Հայաստանում, այնպես էլ Մոլդովայում, որտեղ քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ դատապարտել էին այդ ելույթը՝ այն գնահատելով որպես սադրիչ, ուղղված իրադրությունը սրելուն: Մոլդովայի հայ համայնքը հայտնել էր խորհրդարանից պաշտոնապես Աուրելիա Գրիգորիուի հրաժարականը պահանջելու մտադրության մասին:





























