ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը չի կարող խանգարել Հայաստանին զարգացնել հարաբերությունները այլ երկրների հետ: Այս մասին հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

ԵՄ հետ մերձեցման եւ Մաքսային միությանը միանալու հարցերում Ռուսաստանի կողմից ճնշման, ինչպես նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու վերաբերյալ տարբեր կարծիքների մասին հարցին դիվանագետը հիշեցրել է, որ «դեսպանը կոմպետենտ չէ մեկնաբանելու մեկնաբանությունները»: Դեսպանը հիշեցրել է, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի առաջ նորանոր հեռանկարներ է բացում եւ ընդգծել է, որ այն չի կարող խանգարել Հայաստանին զարգացնել հարաբերությունները այլ պետությունների, այդ թվում` Ռուսաստանի, հետ: «Ի դեպ, Ֆրանսիայի համար եւս Ռուսաստանը առաջնային տնտեսական գործընկեր է»,-նկատել է դեսպանը:

Հիշեցնենք, որ «ճնշման» վերաբերյալ հարցը մեկնաբանել է նաեւ այս շաբաթ Հայաստանում գտնվող Ընլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլլեն: «ԵՄ` գործընկերների հետ հարաբերություններում ճնշում հասկացություն չկա: Մենք հարաբերությունները հետեւյալ կերպ ենք կառուցում` հարաբերությունները պետք է բոլորի հաղթանակին հանգեցնեն: Ասոցացման մասին համաձայնագիրը չի սահմանափակում Հայաստանի հարաբերությունները հարեւանների եւ գործընկերների հետ»,-հայտարարել է հանձնակատարը: