Ոչ մի զարգացող երկրում, այդ թվում նաեւ՝ Հայաստանում, բիզնեսով զբաղվելը հեշտ չէ: Հատկապես վերջին 5-6 տարիներին շատ դժվար է գտնել մի երկիր, որտեղ հեշտ լինի գործ հիմնելը: Այս մասին մամուլի ասուլիսում ասել է սփյուռքահայ հայտնի գործարար Ջեյմս Թուֆենկյանը: Նշենք, որ մամուլի ասուլիսը նախորդել է «Թուֆենկյան ավանդական Երեւան» հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Ըստ Ջեյմս Թուֆենկյանի՝ Հայաստանում հյուրանոցների շինարարության ծրագիրը կշարունակվի, եւ մոտ ապագայում սպասվում է, որ բիզնեսը շահավետ կդառնա: Գործարարը նշել է, որ ինքը պատմական հայրենիք է ժամանել Հայաստանի անկախությունից հետո՝ հյուրանոցների շինարարության միջոցով երիտասարդ հանրապետության տնտեսությանը նպաստելու համար:
«Զբոսաշրջիկի համար շատ կարեւոր է ապրել ավանդական ոճով եւ ազգային բնութագիր ունեցող հյուրանոցներում: Օրինակ՝ զբոսաշրջիկների համար հետաքրքիր չէ Երեւանում տեսնել այնպիսի շենքեր, որոնք նման են Լոս Անջելեսում իր տեսածներին: Նա պետք է զգա հայկական ճարտարապետության ոճը, շփվի հայ մշակույթի հետ», - վստահ է Թուֆենկյանը:
Ի պատասխան հարցին, թե համապատասխանում է արդյոք իրականությանն այն լուրը, որ Թուֆենկյան հյուրանոցային ցանցը տարածվելու է Հարավային Կովկասում, գործարարը դա չի բացառել՝նշելով, որ մեծամասամբ զբոսաշրջիկները շրջագայությունների են գնում, որոնցում ընդգրկված են եւ Հայաստանը, եւ Վրաստանը: Ըստ նրա՝Վրաստանում «Թուֆենկյան» հյուրանոցները կնպաստեն տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը:





























