Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ ապատեղեկատվություն են տարածել եւ հայտնվել անհեթեթ վիճակում:

Ադրբեջանական apa.az էլեկտրոնային պարբերականը, մեջբերելով Եվրոնեսթի Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովին, հայտնել էր, թե իբր Եվրոպական Խորհրդարանն այլեւս դիտորդական առաքելություն չի իրականացնելու Ադրբեջանի նախագահական ընտրությունների ընթացքում` հաշվի առնելով այդ երկրում ժողովրդավարական ձեռքբերումները: Սուլեյմանովի խոսքով Ադրբեջանն առաջինն է եւ դեռեւս միակը Հարավային Կովկասի երկրներից, ով ընտրություններ կանցկացնի առանց Եվրոպական Խորհրդարանի դիտորդական առաքելության` կանգնելով այնպիսի առաջադեմ ժողովրդավար երկրների կողքին, ինչպիսին Նորվեգիան, Ճապոնիան, Չիլին, Ավրտրան կամ Իսլանդիան են:  

NEWS.am-ը մեկնաբանությունների համար դիմեց Եվրոպական Խորհրդարանի մամուլի ծառայությանը: Այնտեղից տեղեկացրին, որ Եվրոպական Խորհրդարանն իր դիրքորոշումներն արտահայտում է բանաձեւերի միջոցով, մասնավորապես տվյալ հարցում վկայակոչելով Եվրոպական Խորհրդարանի 2013թ. հունիսի 13-ի բանաձեւն Ադրբեջանի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նշված բանաձեւում կոչ է արվում դադարեցնել ընդդիմադիր հասարակական գործիչների եւ լրագրողների հետապնդումները:

Տեղեկացրին նաեւ, որ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելը տեխնիկական հարց է, որը կարող է քննարկվել միայն համապատասխան կողմից հրավեր ունենալու դեպքում, իսկ Ադրբեջանից առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ համապատասխան հրավեր չի ստացվել: 

Մինչդեռ իր ստահոդ հայտարարության մեջ Էլխան Սուլեյմանովն ասել էր, թե «Ադրբեջանն իր անկախ պատմության մեջ հասել է մի շատ կարեւոր հանգրվանի, երբ Եվրոպական Խորհրդարանը այս շաբաթ որոշեց հանել Ադրբեջանն այն երկրերի ցուցակից, ուր դիտորդական առաքելության անհրաժեշտություն կա»: