Ֆինանսական արբիտրաժը հանդիսանում է ամենաարդյունավետ միջոցը բանկի եւ հաճախորդի միջեւ հնարավոր վեճերի լուծման համար: Այս մասին, այսօր՝ ՄԻՊ-ի գրասենյակում հրավիրված կլոր սեղանի ժամանակ նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը, հավելելով, որ այն ունի իր գործունեությունը կատարելագործելու կարիք:

Իր հերթին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշել է. «Այսօր մեր քաղաքացիները բանկերից վարկեր ստանալիս կամ բանկերի հետ այլ գործարքներ կնքելիս ստորագրում են պայմանագրեր, որոնցով վեճերը լուծվում են  Ֆինանսական արբիտրաժի միջոցով: Ֆինանսական արբիտրաժը հիմնվել է ՀՀ բանկերի միության կողմից, որն էլ ստեղծված է պաշտպանելու եւ ներկայացնելու բանկերի շահերը: Հետեւաբար, երբ մարդիկ բանկերի հետ խնդիր ունենալիս իրենց վեճերը ստիպված են լուծել հիմնականում այդ ֆինանսական արբիտրաժի միջոցով, առավել քան կարեւոր է դրա անաչառ եւ անկողմնակալ աշխատանքը, իսկ դա էլ  իր հերթին հնարավոր է միայն, երբ արբիտրների ցանկը եւ ընտրության կարգը վստահություն ներշնչեն հանրությանը»:

Հանդիպմանը ներկա Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իր խոսքում հատկապես կարեւորել է Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով դատական համակարգում առկա ներկայիս թերությունները:

Ի վերջո, քննարկման արդյունքում պարզվել է, որ Ֆինանսական արբիտրաժի կանոնադրությունում հստակ նշված է, որ միայն ՀԲՄ խորհուրդն է հաստատում արբիտրների անվանացուցակը: Ներկայումս այդ ցուցակում ներառված են 8 արբիտրներ եւ վիճող կողմերը միայն այդ ցուցակից կարող են ընտրություն կատարել, մինչդեռ «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքը, ինչպես նաեւ Նյու Յորքի կոնվենցիան եւ միջազգային այլ փաստաթղթեր ամրագրել են արբիտրաժային վեճի արբիտր ընտրելու կողմերի ազատության իրավունքը: Նման սահմանափակումը եւ նոր արբիտրների ընգրկման ճկուն մեխանիզմների բացակայությունը չի նպաստում այդ ինստիտուտի կայացմանը:

Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները համաձայնվել են, որ նպատակահարմար է ընդլայնել արբիտրների անվանացուցակը, առաջիկայում մշակել ֆինանսական արբիտրաժի գործունեությունը կարգավորող իրավական ակտերում կոնկրետ փոփոխությունների առաջարկություններ եւ, ՀՀ բանկերի միության հետ գործակցելով,  վերանայել եղած կարգավորումները: