Երեւանում, այսօր՝ հուլիսի 12-ին, բացվել է «Թուֆենկյան-ավանդական Երեւան» հյուրանոցը, որի բացմանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կառավարության անդամներ:
Ինչպես նշել է հյուրանոցային համալիրի սեփականատեր, հայտնի գործարար Ջեյմս Թուֆենկյանը, երեք աստղանի հյուրանոցը ծառայություններ կմատուցի 4-5 աստղանի հյուրանոցի մակարդակի:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գնահատմամբ՝ Երեւանին անհրաժեշտ են նմանատիպ հյուրանոցային համալիրներ: «Լավ հյուրանոցներ պետք են ոչ միայն մայրաքաղաքին, այլեւ ողջ Հայաստանին: Մենք ներդնում ենք բոլոր ջանքերը, որպեսզի Երեւանն ապահովենք բարձրակարգ հյուրանոցային համալիրներով, քանի որ Հայաստան այցելող գրեթե բոլոր զբոսաշրջիկները 2-3 օր մնում են Երեւանում: Վերջին երկու տարում Երեւան այցելող զբոսաշրջիկների թիվն ամեն տարի աճում է 100 հազարո, եւ ես հույս ունեմ, որ նրանց թիվը կավելանա նաեւ հյուրանոցային ծառայությունների մակարդակի բարձրացման շնորհիվ»,-ասել է քաղաքապետը:
Իր հերթին, Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը նշել է, որ զբոսաշրջության զարգացմանը, խոշոր հաշվով, նպաստում է ավանդական հայկական ոճով կառուցված հյուրանոցների առկայությունը: Ցանկացած երկրում, հյուրանոցներ կառուցելիս տեղական շինանյութի օգտագործումը, ազգային խոհանոցը եւ ավանդույթները հաջողության գրավական են հանդիսանում: «Բնական է, որ նմանատիպ հյուրանոցները զբոսաշրջիկների շրջանում մեծ հեղինակություն են վայելում: Այդ առումով Թուֆենկյան հյուրանոցային համալիրներն ունեն բոլոր նշված բաղադրիչները, նաեւ միջազգային չափանիշներով ծառայություններ են մատուցում»,-ասել է նա:
Պետրոսյանի խոսքով՝ Երեւանը նման հյուրանոցների կարիք ունի, քանի որ դա է պահանջում շուկան: Վերջին տարիներին հյուրանոցների պակաս էր զգացվում, սակայն բիզնեսն արձագանքել է այդ պահանջարկին եւ արդեն այս տարի 5 նոր հյուրանոց է բացվել Երեւանում: «ներկայումս եւս 15 հյուրանոցի անհրաժեշտություն կա»,-ասել է փոխնախարարը:
Նշենք, որ այս հյուրանոցի շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին՝ հայկական ճարտարապետության ոճով: Հյուրանոցն ունի 85 համար, որոնք կարող են ընդունել 200 հյուրերի:





























