«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը պետք է հենված լինի 4 ոտքերի վրա: Աթոռը պետք է ունենա 4 ոտք, այնինչ հիմա այն երկու ոտք ունի` բանակցային գործընթաց եւ պահպանվող հրադադար»,- մարտի 9-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ նման տեսակետ է հայտնել բրիտանացի փորձագետ, «Սեւ այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը, հավելելով, որ հրադարարի «ոտքը» երերուն է:

Նրա ներկայացմամբ, երրորդ ոտքը դա հետհակամարտային պլանավորումն է` ականազերծում, վերակառուցում, տնտեսական ծրագրեր, խաղաղապահություն, որն իրականացվել է, օրինակ՝ Բալկաններում: Իսկ 4-րդ ոտքը, ըստ Վաալի, դա ժողովուրդների միջեւ շփումներն են, որ նախկինում Բաքվում չէր ընկալվում, մերժվում էր, բայց այժմ այնտեղ սկսել են խոսել այդ մասին:

Հարցին, թե արդյո՞ք Բաքվում նա ունեցել է այդօրինակ քննարկումներ եւ մտքեր արտահայտելու հնարավորություն, Վաալը պատասխանել է, որ ունեցել է՝ ասելով, որ Երեւանում քննարկման մթնոլորտը ջերմ է լինում, իսկ Բաքվում` թեժ, քանի որ Բաքվում «խոցված են»: Նա նաեւ հավելել է, որ հակամարտությունը կարգավորելու համար կողմերը պետք է հասկանան միմյանց ցավը: