ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում իրավապաշտպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանից ժամանակավոր քաղաքական ապաստան խնդրելու իր մտադրության մասին: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով այդ հանդիպման մասնակիցներից մեկին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սնոուդենի խնդրանքը, հայտարարել է, որ Կրեմլը ելնելու է Սնոուդենի կողմից ի վնաս ԱՄՆ-ի գործունեություն ծավալելուց հրաժարվելուց:
New York Times-ի լրագրող Էլեն Բարրին՝ վկայակոչելով իրավապաշտպան Մարինա Լոկշինային, որը մասնակցել է «Շարեմետեւո»-ում կայացած հանդիպմանը, իր Twitter-ում գրել է, որ Սնոուդենը խոստացել է չվնասել ԱՄՆ-ին:
Սնոուդենը հայտարարել է, որ չի կարող աշխատել միջազգային կազմակերպությունների հետ, քանի որ դեռեւս չի կարող անձամբ փաստաթղթեր փոխանցել, գրում է բրիտանական Guardian թերթը:
Սնոուդենի խոսքով՝ ինքն արդեն ապաստանի կարիք ունեցող է ճանաչվել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության կողմից, սակայն ԱՄՆ-ը հրաժարվում է քննարկել այդ փաստը:
Նրա խոսքով՝ ինքը ցանկանում է մնալ Ռուսաստանում եւ չի այցելի բոլոր այն երկրները, որոնք քաղաքական ապաստան են առաջարկել:
Սնոուդենը նաեւ հայտարարել է, որ հրավիրել է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ իրավապաշտպաններին, որպեսզի նրանք հանձնագիր ներկայացնեն՝ իր հարցում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից չմիջամտելու վերաբերյալ:
Սնոուդենի խոսքով՝ Էկվադորի նախագահ Մորալեսի օդանավի հետ տեղի ունեցած դեպքը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն իրեն փախստական չի ճանաչում, ուստի ինքը չի կարող Ռուսաստանից թռչել Լատինական Ամերիկա:



























