ՀՀԿ-ը չի ուզում Պռոշյան գյուղում լարվածություն ստեղծել, ցանկանում է լուրջ ու թափանցիկ ընտրություններ լինեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Նա անձամբ սատարելու է ՀՀԿ թեկնածու, Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար պայքարող Արթուր Մուրադյանին, իսկ թե մնացածներն ինչպես կվարվեն` իրենց գործն է, ովքեր կցանկանան` կսատարեն: «Իհարկե կուսակցության համար շատ շահեկան է, որ մեր թեկնածուն անցնի, բայց պրովոկացիաներն այնքան շատ են` ասում են իբր իշխանությունը ճնշում է ու նման բաներ»,- ասաց Գալուստ Սահակյանը` հավելելով, որ ՀՀԿ-ն հարգում է երջանկահիշատակ սպանված գյուղապետի հիշատակը, ով մեծ ներդրում է ունեցել մեր քաղաքական դաշտում, բայց իրենց թեկնածուն եւս մեծ ներդրում է ունեցել։
Գալուստ Սահակյանի խոսքով՝ ՀՀԿ-ն պաշտոնապես չի հայտարարի Արթուր Մուրադյանին սատարելու մասին, բայց ՀՀԿ-ականները առանձին-առանձին ներդրում կունենան նրան օգնելու հարցում։
Նշենք, որ քիչ առաջ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը։ Նիստին չեն մասնակցում վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ովքեր այժմ գտնվում են արտերկրում։
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար ինքնաառաջադրվել էր 5 թեկնածու` անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, «Դելիկտ» ՍՊԸ-ի անկուսակցական տնօրեն Ցոլակ Գրիգորյանը, Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը, ՀՅԴ անդամ, Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանը եւ ՀՀԿ անդամ, նախորդ ընտրություններին սպանված գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանը: Ավելի ուշ, սակայն, թեկնածուներից Գալուստ Մկրտչյանը ինքնաբացարկ է հայտնել:
Պռոշյանում ընտրությունները կկայանան հուլիսի 14-ին:
Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել:
Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում էր նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը: Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել է: Նրա դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:
Արտակ Պետրոսյանը եւս կալանավորվել է, բայց խուլիգանության մեղադրանքով: Դա կապված է սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա ՀՀԿ-ական մրցակից Արթուր Մուրադյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետ, այդ ժամանակ նա դեպքի վայրում է եղել:





























