27-ամյա Ս. Հ.-ն ոստիկանությանը հաղորդում է տվել, թե գիշերը Երեւանյան լճի մոտից իրեն առեւանգել են, սակայն քրգործ է հարուցվել սուտ մատնության հատկանիշներով: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 27-ամյա Ս. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտնել է, թե իբր Երեւան քաղաքի բնակիչ Մ. Ս.-ն Երեւանյան լճի հարակից տարածքից ավտոմեքենայով առեւանգել է իրեն: Միաժամանակ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, նա կատարել է սուտ մատնություն: Քրեական գործ է հարուցվել 333-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-4000-պատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Դատարանը քննելով գործը հուլիսի 12-ի դատավճռով 27-ամյա Ս. Հ.-ին պատժել է տուգանքով:





























