Տարօրինակ չէ, որ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ չի անդրադարձել «օֆշորային սկանդալին»։  Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը։

«Կարծում եմ տարօրինակ չէ նախագահի չանդրադառնալը այդ հարցին մի պատճառով, այդ հարցը կարծես թե հայտնվել է դատախազության տիրույթում, իսկ երբ որ ցանկացած հարց գտնվում է դատախազության տիրույթում, կարծում եմ, որ որեւէ լուրջ քաղաքական գործիչ զերծ կմնար նման հարցին անդրադառնալուց: Երբ որ դատախազությունը հանդես գա հայտարարությամբ եւ իր գնահատականներով, կարծում եմ, որ քաղաքական գործիչները կունենան պատեհ առիթ իրենց դիրքորոշումը հայտնելու»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Նա նաեւ ասաց, որ իրավունք չունի չհավատալու Կիպրոսի դատախազի ասածներին, սակայն ուշադրություն հրավիրեց Կիպրոսի դատախազի այն արտահայտությանը, թե «որեւէ կոնկրետ գործի վերաբերյալ կարծիք հայտնելու համար ինքը պետք է ծանոթ լինի գործի նյութերին»:

«Կիպրոսի դատախազին ես չհավատալու որեւէ հիմք չունեմ, միաժամանակ ստորագրում եմ Կիպրոսի դատախազի յուրաքանչյուր խոսքի տակ, որ որեւէ կոնկրետ գործի վերաբերյալ եզրակացություն տալու համար պետք է ծանոթանալ տվյալ գործին»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Միեւնույն ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավորը հավատում է նաեւ ՀՀ վարչապետին. «Յուրաքանչյուր գործի պայմաններում անհրաժեշտ է ծանոթանալ գործի բոլոր հանգամանքներին, գործը դատախազությունում է, եւ այդ բոլոր գործերին համարժեք գնահատական է տրվելու»,- ամփոփեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը բացառել էր առանց տվյալ անձի թույլտվության օֆշորային ընկերության բաժնետեր գրանցելը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին`  հնարավո՞ր է արդյոք որեւէ մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության, Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանեց․«Ոչ: Բայց ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ մինչեւ չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար»: Հարցին՝ «այսինքն հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության», Կլերիդեսը պատասխանեց. «Անհնար է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձեւով»:

Հիշեցնենք, որ ըստ Hetq.am կայքի, Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Օֆշորային այդ կազմակերպության գրանցման համար «Ամերիա» բանկից խոշոր վարկ է վերցվել: Հրապարակումից հետո թե Նավասարդ Կճոյանը, թե Տիգրան Սարգսյանը հերքել էին, թե ընկերություն ունեն գրանցած օֆշորային գոտում, իսկ գործարար Աշոտ Սուքիասյանը գլխավո դատախազին մի նամակ էր ուղարկել, որում ասել էր, թե ինքն է վարչապետի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի անունով ընկերություն գրանցել առանց վերջիններիս գիտության: