Արմավիրի մարզում Ճանապարհային ոստիկանության տեսուչը վարորդին տարել է Արմավիրի ԲԿ շտապօգնության կայան՝ սթափությունը ստուգելու, սակայն վարորդը այնտեղ իրարանցում է սարքել եւ խոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 34-ամյա Հմայակ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ճանապարհային ոստիկանության 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչ Կնյազ Հովհաննիսյանի կողմից սթափության վիճակի զննության համար բերվել է «Արմավիրի ԲԿ» շտապօգնության կայան, սակայն վերջինս շուրջ 10 րոպե տեւողությամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ տվել` խոչընդոտելով շտապօգնության կայանի բնականոն աշխատանքները:
Բացի այդ՝ վարորդը ձեռքով սպառնացել է հարվածել շտապօգնության հերթապահ բժիշկ Ա. Գորոյանին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օրի 258 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել հուլիսի 12-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























