Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր եւ ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պաշտոնյան մանրամասներ չի հաղորդել, հայտնում է rbc-ն:

Ավելի վաղ Սնոուդենի հարցին անդրադարձել էր Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Նա հիշեցրել էր, որ հայրենիքում Սնոուդենին լուրջ մեղադրանքներ են ներկայացրել, եւ Սնոուդենը պետք է արտահանձնվի ԱՄՆ-ին: Քարնին ռուսական իշխանություններին նաեւ կոչ էր արել Սնոուդենին հնարավորություն չտալ Մոսկվայից հակաամերիկյան գործունեություն ծավալել, եթե վերջինիս ամեն դեպքում ապաստան տրամադրեն, հայտնում է ՆՏՎ-ն: 

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Սնոուդենը Մոսկվայի «Շերեմետեւոյի» տարանցման գոտում հանդիպել է իրավապաշտպանների հետ, Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրել` խոստանալով կատարել ավելի վաղ Վլադիմիր Պուտինի առաջադրած պայմանը` հրաժարվել ԱՄՆ-ին վնաս հասցնող գործունեությունից: