Mercosur երկրների նախագահները Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի մայրաքաղաքում կայացած գագաթաժողովում վճռել են խորհրդակցության համար հետ կանչել Իսպանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի իրենց դեսպաններին: Համապատասխան վճիռ են կայացրել Արգենտինայի, Բրազիլիայի, Վենեսուելայի եւ Ուրուգվայի նախագահները: Նրանք համատեղ հայտարարություն են ստորագրել:
Առիթ է հանդիսացել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի օդանավի հետ կապված միջադեպը, որը զննել էին` փնտրելով ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին: Բացի դրանից, օդանավի համար իրենց օդային տարածքն էին փակել մի շարք եվրոպական երկրներ:
Լատինամերիկյան առաջնորդները «կտրականապես մերժել են» եվրոպական կառավարությունների գործողությունները` դրանք անվանելով «անհիմն եւ ճնշող, մարդու իրավունքները խախտող» միջոցներ, որոնք վտանգի տակ են դրել Մորալեսի կյանքը:
Mercosur-ի առաջնորդները նաեւ նշել են, որ ԱՄՆ-ի իշխանությունները լուրջ հանցանք են գործել` զանգվածային գործողություն սկսելով արտասահմանյան պետությունների քաղաքացիներին հետեւելու ուղղությամբ, հայտնում է rbc-ն:
Mercosur-ը Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկան է, կազմակերպության մեջ մտնում են Արգենտինան, Բրազիլիան, Վենեսուելան, Պարագվայը եւ Ուրուգվայը, Լատինական Ամերիկայի եւս հինգ պետություն ասոցացված անդամներ են: Հուլիսի 12-ին կազմակերպության նախագահ է դարձել Վենեսուելան: Ավելի վաղ ժամանակավորապես դադարեցվել էր Պարագվայի անդամակցությունը:





























