Կիեւում բողոքի ցույցի մասնակիցները ոստիկանների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել, «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման վեց մարտիկներ են տուժել: «Ինտերֆաքսը» Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնում է, որ ոստիկանները գանգուղեղային վնասվածքներ են ստացել, թունավորումներ, քերծվածքներ  եւ տեղափոխվել հիվանդանոց:

Բախումներին մասնակցել է 60 մարդ, որոնք տապալել են ոստիկանության բաժանմունքի դիմացի պատնեշը եւ ներս մտել:

Անկարգություններն սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են ցրել «Շլյախ» շուկայում գործունություն ծավալող առեւտրականներին: Ոստիկաններից մեկը հարվածել է Նարնջագույն հեղափոխության մասնակիցների կոալիցիայի ակտիվիստուհուն: «Ուկրաինսկայա պրավդան» գրում է, որ աղջիկը բռունցքով հարված է ստացել, երբ ոստիկանից պահանջել է ուկրաիներեն խոսել:

Դրանից հետո ցուցարաները մեկնել են Սվյատոշինսկու ոստիկանության վարչություն՝ պահանջելով հանձնել աղջկան հարվածած ոստիկանին: Նարնջագույն հեղափոխության մասնակիցների կոալիցիայի առաջնորդ  Սերգեյ Մելնիչենկոյի խոսքով՝ տուժած աղջիկը կողոսկրի կոտրվածքով եւ երիկամի վնասվածության կասկածով հոսպիտալացվել է: