Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հուլիսի 12-ին Շիրակի մարզի Առափի համայնքում անցկացրեց Համայնքային արձագանքման կամավորական 14 թիմերի առաջին մրցումը: Այն ղեկավարվում էր Շիրակի մարզի փրկարարական վարչության կողմից:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե միջոցառմանը ներկա էին Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Բացման արարողության ժամանակ ողջունելով կազմակերպիչներին ու մասնակիցներին` ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ասաց.
«Մենք շատ բարձր ենք գնահատում համագործակցությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ` աղետների ռիսկի նվազեցման ոլորտում: Համայնքային արձագանքման կամավորական թիմերի ձեւավորումը մեծ նշանակություն ունի համայքների խոցելիությունը նվազեցնելու գործում»:
Թիմերը ցուցադրեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները եւ իրականացրեցին գետանցում, օգնության ցուցաբերեցին տուժածին, անցան ԱՌՆ թեսթավորում, պայմանական տուժածներին դուրս բերեցին փլատակից եւ վթարված ավտոմեքենայից:
2010 թվականից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Շիրակի մարզում իրականացնում է աղետների ռիսկի նվազեցման ոլորտում «Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային Կովկասում» ծրագիրը:
Դրա շնորհիվ տարիների ընթացքում հնարավոր է դարձել Շիրակի մարզի 14 գյուղական համայնքներում ձեւավորել Համայնքային արձագանքման կամավորական թիմեր՝ Շիրակի փրկարարարական վարչության, մարզային եւ տեղական իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ:





























