Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում Ղազախստանում կգտնվեն հայուրավոր, հազարավոր մարդիկ, ովքեր պատրաստ կլինին կամավոր կերպով կռվել Ադրբեջանի կողմից: Այս մասին «Vesti.Az»-ին տված հարցազրույցում հայտարարել է ղազախստանցի քաղաքագետ Այդոս Սարիմը:

Քննադատելով ՀԱՊԿ-ն, իրեն քաղաքագետ անվանող անձը կազմակերպությունը մեռելածին է համարել. «Ուզբեկստանն արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից: Ենթադրում եմ, որ Ղազախստանը պետք է այդ մասին մտածի: Մենք մեկ անգամ չէ, որ բարձրացրել ենք այդ սկզբունքային հարցը. եթե պատերազմ սկսվի Ղարաբաղում, ում կողմից պետք է կռվի Ղազախստանը»,-հայտարաել է Սարիմը:

Նրա խոսքով` Ղազախստանի եւ Ադրբեջանի միջեւ ավելի սերտ հարաբերություններ են առկա, քան ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ: «Կարծում եմ, այս դեպքում Ղազախստանը պետք է սկզբունքները հստակեցնի, թե որոնք են իր ազգային գերակայությունները, որ երկրներն են նրա համար առավել կարեւոր եւ բարեկամական: Ես անգամ չեմ պատկերացնում հնարավորությունը, որ ղազախական ստորաբաժանումները կարող են հայերի կողմից Ադրբեջանի դեմ կռվել: Անգամ այդ միտքն է անհեթեթ թվում եւ եւս մեկ անգամ ցույց է տալիս ՀԱՊԿ-ի նման կազմակերպության անհեթեթությունը»,-հայտարարել է Սարիմը:

Այսպիսով, ղազախստանցի «քաղաքագետը» բացահայտ հայտարարում է ղազախստանցի վարձկանների մասնակցության մասին: