Ռուսաստանի ԱԳՆ-ն չի շփվել ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի հետ՝ նրան քաղաքական ապաստան տրամադրելու հարցով: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք չենք շփվում Սնոուդենի հետ, եւ հարցերը, որոնք նա երեկ քննարկում էր իրավապաշտպանների հետ, բավական լայն լուսաբանվել են լրատվամիջոցներում:

Ես դրանց ծանոթացել եմ, ինչպես մնացած բոլորը: Քաղաքական ապաստան ստանալու համար ռուսական օրենքները որոշակի ընթացակարգ են ենթադրում: Առաջին քայլը պաշտոնական դիմումի ներկայացումն է Դաշնային միգրացիոն ծառայություն»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Շերեմետեւո» օդանավակայանում Ռուսաստանի ԱԳՆ-ի հյուպատոսական բաժինն ստացել է Սնոուդենի քաղաքական ապաստան խնդրելու դիմումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, հուլիսի 12-ին իրավապաշտպանների հետ «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցման գոտում հանդիպման ժամանակ Սնոուդենը հայտարարել էր Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու ցանկության  մասին: Հանդիպման որոշ մասնակիցների տվյալով՝ Սնոուդենն արդեն պաշտոնական դիմում է ներկայացրել: ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ նման դիմում չի ստացել: