Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը Ֆրանսիայի երկարաժամկետ վարկային պարտավորությունների սուվերեն վարկանիշը հուսալիության «ААА» մակարդակից իջեցրել է «АА+»-ի:  Ընդ որում՝ կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է «F1+» մակարդակում: Բոլոր վարկանիշների վերաբերյալ կանխատեսումը կայուն է:

Fitch-ում նշում են, որ Ֆրանսիայի վարկանիշի իջեցման գործոններից  էին երկրի պետական պարտքի վերաբերյալ նոր կանխատեսումները: Ըստ այդ կանխատեսումների՝ 2014թ. պետական պարտքը կհասնի ՀՆԱ-ի նկատմամբ 96% ծայրահեղ ցուցանիշի: Վարկանշային գործակալությունում նշում են, որ դա շատ է, քանի որ  «ААА» վարկանիշով երկրների համար պետական պարտքի միջին ցուցանիշը  կազմում է առնվազն 50% ՀՆԱ-ի նկատմամբ, հայտնում է BFM.RU-ն:

Fitch-ի փորձագետներին դուր չի եկել նաեւ այն, որ մայիսին Ֆրանսիայում գործազրկությունը հասել է վերջին տասնամյակի ընթացքում ռեկորդային բարձր մակարդակի՝ 10,9%: Գործակալությունում նաեւ նշել են, որ ֆրանսիական տնտեսությունը սպասվածից շատ դանդաղ է վերականգնվում: