Հայաստանի սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի 170-ից ավելի մասնակիցներ այցելեցին Հայաստանի ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամաս:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե զորամասի հրամանատար գնդապետ Գուրգեն Գրիգորյանի ուղեկցությամբ ծրագրի մասնակիցները ծաղիկներ դրեցին ՀՀ ազգային հերոսների եւ զորամասի զոհված զինծառայողների հուշաքարի մոտ: Սփյուռքահայ երիտասարդները զորամասի Սբ. Մարիամ Աստվածածին նորակառույց մատուռում մոմ վառեցին, ապա ծանոթացան ոստիկանության առօրյային, մասնակից եղան համերգային ծրագրին:

Այցի ավարտին արիտունցիները ճաշեցին զինվորական ճաշարանում:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: