ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչը ամենշաբաթյա ճեպազրույցում միացել է Գերմանիայի ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը, որով կոչ է արվում ազատել Եգիպտոսի զինվորականների կողմից պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիին:

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ  Պետդեպի դեմարշը ինչ-որ չափով հարկադրված էր: Մի քանի ժամ առաջ Մուրսիին ազատելու կամ նրա հետ տեսակցությունը թույլատրելու  կոչով հանդես էին եկել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, Գերմանիայի կառավարությունը:

Ճեպազրույցի ընթացքում Ջեն Փսաքիին հարց են ուղղել, թե արդյոք Վաշինգտոնն  աջակցում է Բեռլինին: Եվ նա պատասխանել է. «Այո, մենք համաձայն ենք»:

Միաժամանակ Եգիպտոսում իրադրությունը  չի հանդարտվում: Անգամ ուրբաթօրյա նամազի ընթացքում Թահրիր հրապարակում քիչ էր մնում Մուրսիին ալլահից ավելի հաճախ հիշեին: Շատերն ավելի շատ Մուրսիի պաշտոնանկությունն են տոնում, քան Ռամադանի առաջին շաբաթը, հայտնում է ՆՏՎ-ն:

Եգիպտացիները զինված երկու ճակատների են բաժանվել՝ բանակի աջակցությունն ստացած ազատականներ եւ ժողովրդավարական գործընթացներ պահանջող Մուրսիին կողմնակից իսլամիստներ: