NEWS.am-ը զրուցել է հայտնի սփյուռքահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանի հետ:

Պարոն Թուֆենկյան, Դուք առաջին անգամ Հայաստան եք եկել 1993 թվականին: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել այս 20 տարում՝ բիզնեսի զարգացման տեսանկյունից: Մեր երկրում ավելի հե՞շտ է դարձել բիզնես վարելը:

Տարբերությունը հսկայական է: 1993-ին երկրում քաոս էր տիրում, կառավարական կառույցները կայացած չէին: Այն ժամանակ չկար առեւտուր արտաքին աշխարհի հետ, բացի երեւի ծամոնի առեւտրից: Այդպիսին էր բիզնես միջավայրի բնույթը: Հիմա բիզնես վարելու կազմակերպված համակարգ կա, որն ունի իր կանոններն ու յուրահատկությունները: Եթե գնահատենք այն ժամանակվա եւ հիմիկվա ռիսկերը, դրանց միջեւ սարեր ձորեր են:

Պատկերացում ունենալով ռիսկերի մասին, որոնց Դուք կարող էիք բախվել Հայաստանում 1993-ին, ի՞նչը Ձեզ ստիպեց գալ ու բիզնես հիմնել Հայաստանում: Դա պարզապես հայրենասիրությո՞ւն էր:

Ամենասկզբում իմ ողջ բիզնեսը նախատեսված էր փող ստեղծելու, բայց միաժամանակ աշխարհի համար լավ բան անելու համար: 1993 թվականին որոշեցի, որ փող կստեղծեմ եւ ինչ-որ լավ բան կանեմ Հայաստանում:

Ձեր երեք հյուրանոցները գտնվում են Հայաստանի գեղատեսիլ վայրերում: Ինչո՞ւ Ձեր ընտրությունը կանգ ռավ հենց այդ վայրերի վրա:

Սկզբում մենք որոշեցինք հյուրանոցներ ունենալ կարեւոր զբոսաշրջային վայրերում: Մենք մտածում էինք Սեւանի, Դիլիջանի, Լոռիի, Եղեգնաձորի եւ, իհարկե, Երեւանի մասին: Հայաստանի մարզերում տեղանքներին ծանոթանալուց հետո մենք սկսեցինք որոնել գեղատեսիլ վայրեր: Գաղափարն այն էր, որ հյուրանոցները միշտ պետք է լինեն գյուղերում:

Ձեր նախագծերից ո՞րն եք համարում ամենահաջողվածը՝ գորգերի արտադրությո՞ւնը, թե՞ հյուրանոցների ցանցը: Դրանցից ո՞րն ապագա ունի:

Ներկայումս իմ ջանքերը կենտրոնացած են հյուրանոցային բիզնեսի վրա: Ինձ դուր է գալիս գորգեր արտադրելը, բայց դա այնքան էլ եկամտաբեր բիզնես չէ, ինչպես հյուրանոցայինը:

Թուֆենկյան համակարգի հյուրանոցների գները որքանո՞վ են ընդունելի Հայաստանի բնակիչների եւ որքանով՝ զբոսաշրջիկների համար:

Ինչ վերաբերում է Հայաստանի բնակիչներին, ապա դրանք հիմնականում նախատեսված են միջին խավի վերին շերտի եւ ավելի բարձր խավի համար: Իսկ օտրերկրյա զբոսաշրջիկների համար մեր հյուրանոցները շատ գրավիչ են գնային առումով:

Որպես սփյուռքի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-սփյուռք կապը վերջին 10 տարիներին:

Ինձ թվում է, որ իրավիճակը բարելավվում է շատ իմաստներով: Ես ավելի շատ սփյուռքահայեր եմ տեսնում, որոնք գալիս եւ ապրում են Հայաստանում: Ես տեսնում եմ, որ սփյուռքահայերի համար պայմաններն ավելի ու ավելի գրավիչ են դառնում այստեղ: Ես միշտ հայտարարում եմ, որ Հայաստանը սփյուռքի համար գրավիչ բիզնես միջավայր է:

Զրուցեց Մարիա Ասատրյանը