ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ ֆորը, Յան Քելլին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն այս տարվա հունիսին եւ հուլիսին մի քանի հանդիպումներ են ունեցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար երկխոսության հետագա զարգացման նպատակով:
Հանդիպումների արդյունքում արված հայտարարության մեջ համանախագահները տեղեկացրել են Լոնդոնում հունիսի 6-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ հունիսի 28-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումների մասին:
Համանախագահներն ու նախարարները շարունակել են խաղաղ գործընթացի քննարկումները՝ շեշտը դնելով կողմերի միջեւ լարվածության թուլացման եւ բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու հնարավորության մասին:
Հուլիսի 12-ին Վիեննայում կայացած հանդիպմանը ԱԳՆ ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունն այդ նպատակներին եւ քննարկել են առաջիկա ամիսներին հետագա բանակցությունների ծրագրերը:
Հուլիսի 13-ին համանախագահները իրավիճակը Վիեննայում ներկայացրել են Մինսկի խմբի դեսպաններին: Համանախագահները սերտորեն համագործակցելու են կողմերի հետ՝ հետագա քայլերի համար:





























