Կոտայքի անձնագրային բաժանմունքի պետի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել:

Ոստիկանության լրատվության վարչությունն արձագանքել է NEWS.am-ում հրապարակված հոդվածին, ըստ որի Կոտայքի անձնագրային բաժանմունքի պետի անուշադրության պատճառով 11-ամյա Սոֆա Ասատրյանին արգելել են մուտք գործել Ուկրաինա, եւ նա միայնակ է մնացել մաքսատանը: Ուկրաինա մուտք գործելու արգելքի պատճառ է հանդիսացել երեխայի անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության կնիքի բացակայությունը (անձնագրային ծառայության պետը միայն ստորագրել է նշված մասում):

Հրապարակման առթիվ նշանակվել է ծառայողական քննություն` գործով հանգամանքերը պարզելու համար, արդյունքների մասին կտրվի լրացուցիչ պարզաբանում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի անձնագրային բաժանմունքի պետի անուշադրության պատճառով աբովյանցի 11-ամյա Սոֆա Ասատրյանին արգելել են մուտք գործել Ուկրաինա եւ նա միայնակ է մնացել մաքսատանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սոֆա Ասատրյանի մայրը` Նելլի Ասատրյանը: Նրա պատմել էր, որ ուղեւորներից մեկը՝ տեսնելով անչափահասի շոկային վիճակը եւ ազդվելով նրա լացից, հրաժարվել է Ուկրաինա մեկնելուց եւ աղջկան բերել հասցրել է Հայաստան: Նելլի Ասատրյանը նշել էր նաեւ, որ դստերը ճանապարհելուց առաջ նրա համար անձնագիր է հանել, հետո տարել, որ Կոտայքի անձնագրային բաժանմունքի պետ Արայիկ Ավանեսյանը վիզա խփի: «Պարզվում է, նա ստորագրել էր, բայց կնիքը չէր խփել:  Այնինչ` հուլիսի 10-ի առավոտյան, աղջկաս ժամը  7-ին ճանապարհում եմ Ուկրաինայի Օդեսա քաղաք: Հայաստանի մաքսակետն անցնում է, Վրաստանինը՝ եւս: Հասնում է Ռուսաստանի մաքսակետ, թույլ չեն տալիս, որ անցնի: Տանում են մի փոքր սենյակ եւ ասում, որ պետք է հետ վերադառնա Հայաստան, քանի որ անձնագրում կնիքը չկա: Ուղեւորներից մեկը տեսնելով աղջկաս շոկային վիճակում, իջնում է, որ նրան հանգստացնի: Գիշերը քնում են չոր աթոռների վրա ու առավոտյան երկուսին էլ հետ են ուղարկում Հայաստան»,- պատմել էր Նելլի Ասատրյանը եւ ավելացրեց, որ այդ անուշադրության արդյունքում աղջիկը հազար ու մի փորձանքների կարող էր հանդիպել՝ չհաշված իրենց ապրումները: Անչափահասի մոր խոսքով՝ բացի իրենց հոգեկան ապրումներից 120 հազար դրամի վնաս են կրել:

Կոտայքի անձնագրային բաժանմունքի պետ Արայիկ Ավանեսյանը իր մոտ է հրավիրել 11-ամյա Սոֆա Ասատրյանի մորը եւ ներողություն խնդրել թյուրիմացության պատճառով պատճառած ֆինանսական եւ բարոյական վնասի համար, ու խոստացել այսուհետ ավելի ուշադիր լինել: