Կոտայքի անձնագրային բաժանմունքի պետ Արայիկ Ավանեսյանը իր մոտ է հրավիրել 11-ամյա Սոֆա Ասատրյանի մորը եւ ներողություն խնդրել թյուրիմացության պատճառով պատճառած ֆինանսական եւ բարոյական վնասի համար, ու խոստացել այսուհետ ավելի ուշադիր լինել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոֆա Ասատրյանի մայրը` Նելլի Ասատրյանը եւ ավելացրեց, որ առավոտյան պետը զանգել եւ իրեն կանչել է իր մոտ: 

11-ամյա աղջնակի մոր խոսքով, բարձրաձայնելով տվյալ երեւույթի մասին, իր նպատակն էր, որ ավելի ուշադիր լինեն եւ անձնագրային բաժանմունքում եւ ոչ մի ծնող ու երեխա այն ապրումները չունենա, ինչ ունեցել էին իրենք:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի անձնագրային բաժանմունքի պետի անուշադրության պատճառով աբովյանցի 11-ամյա Սոֆա Ասատրյանին արգելել են մուտք գործել Ուկրաինա եւ նա միայնակ է մնացել մաքսատանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սոֆա Ասատրյանի մայրը` Նելլի Ասատրյանը: Նրա պատմել էր, որ ուղեւորներից մեկը՝ տեսնելով անչափահասի շոկային վիճակը եւ ազդվելով նրա լացից, հրաժարվել է Ուկրաինա մեկնելուց եւ աղջկան բերել հասցրել է Հայաստան: Նելլի Ասատրյանը նշել էր նաեւ, որ դստերը ճանապարհելուց առաջ նրա համար անձնագիր է հանել, հետո տարել, որ Կոտայքի անձնագրային բաժանմունքի պետ Արայիկ Ավանեսյանը վիզա խփի: «Պարզվում է, նա ստորագրել էր, բայց կնիքը չէր խփել:  Այնինչ` հուլիսի 10-ի առավոտյան, աղջկաս ժամը  7-ին ճանապարհում եմ Ուկրաինայի Օդեսա քաղաք: Հայաստանի մաքսակետն անցնում է, Վրաստանինը՝ եւս: Հասնում է Ռուսաստանի մաքսակետ, թույլ չեն տալիս, որ անցնի: Տանում են մի փոքր սենյակ եւ ասում, որ պետք է հետ վերադառնա Հայաստան, քանի որ անձնագրում կնիքը չկա: Ուղեւորներից մեկը տեսնելով աղջկաս շոկային վիճակում, իջնում է, որ նրան հանգստացնի: Գիշերը քնում են չոր աթոռների վրա ու առավոտյան երկուսին էլ հետ են ուղարկում Հայաստան»,- պատմել էր Նելլի Ասատրյանը եւ ավելացրեց, որ այդ անուշադրության արդյունքում աղջիկը հազար ու մի փորձանքների կարող էր հանդիպել՝ չհաշված իրենց ապրումները: Անչափահասի մոր խոսքով՝ բացի իրենց հոգեկան ապրումներից 120 հազար դրամի վնաս են կրել: Երբ կինը գնացել էր Արայիկ Ավանեսյանի մոտ` հասկանալու համար, թե ով պետք է փոխհատուցի իրենց վնասը, հետեւյալ պատասխանն է ստացել. «Ասաց, որ իրենք չեն կարող գումարը հետ տալ՝ պատճառաբանելով, թե «թող Հայաստանի մաքսայինը հետ ուղարկեր: Եթե ընդունել ա, ուրեմն իրանց մեղքն ա»: