NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանից Զովունի տանող ճանապարհին գտնվող «Միլիոներ» խաղատան մուտքի մոտ տղամարդու դիակի հայտնաբերման դեպքի մասին: NEWS.am-ի տեղեկություններով` 66-ամյա Գագիկ Շուխյանը աշխատում էր Էկոնոմիկայի նախարարության Չափագրության ազգային ինստիտուտում` որպես առաջատար մասնագետ: Նա այնտեղ աշխատում է 1978թ սկսած:

Գագիկ Շուխյանը ամուսնացած է, ուներ մեկ դուստր եւ որդի: Դեպքի օրը նա կնոջն եւ երեխաներին ուղարկել էր հանգստի: Մեզ հայտնի է դարձել, որ նա երեկոյան այցելել է «Միլիոներ» խաղատուն, որտեղ որոշակի գումար է տանուլ տվել, խաղի ընթացքում նա իրեն վատ է զգացել, իսկ խաղատնից դուրս գալուց հետո կաթված է ստացել եւ տեղում մահացել:

Իսկ նրա գործընկերները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ վերջինս սրտի լուրջ խնդիրներ ունեն, դեղերը միշտ գրպանում էր ման գալիս, կինն էլ բժշկուհի էր:  «Սրտի նոպաներ էր ունենում, լուրջ խնդիրներ ուներ, նույնիսկ հրաժարվել էին նրան վիրահատել»,- հայտնեցին գործընկերները: Նրանք, միեւնույն ժամանակ, տարակուսանք հայտնեցին, որ նա կարող է  խաղատուն գնալ, քանի որ այդպիսի հնարավորություններ չունի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանից Զովունի տանող ճանապարհին գտնվող «Միլիոներ» խաղատան մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Մահացածը Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 66-ամյա Գ. Շուխյանն էր, ով, ըստ շրջանառվող տեղեկությունների, խաղատնից դուրս գալիս հանկարծամահ է եղել: Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: