Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ընդունել է Համաշխարհային Բանկի պատվիրակությանը, որի կազմում էին նաեւ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջանային ղեկավար տիկին Սուքեյնա Քեյնին, Երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վերահսկիչ պալատի կարողությունների զարգացմանն ուղղված Համաշխարհային Բանկի դրամաշնորհի իրականացման ընթացքը, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Իշխան Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային Բանկի ներկայացուցիչներին` Վերահսկիչ պալատին ցուցաբերվող տեխնիկական աջակցության համար: Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջանային ղեկավար տիկին Սուքեյնա Քեյնն ու Երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին իրենց հերթին գոհունակություն են հայտնել համագործակցության համար, նշելով, որ երկու կառույցների միջեւ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: ՀԲ ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունն են հայտնել առաջիկայում նույնպես անդրադառնալ Վերահսկիչ պալատի ռազմավարական զարգացման նոր` առավել ծավալուն եւ ընդգրկուն ծրագրեր իրականացնելուն:





























