23-ամյա չինուհի Մա Այլյունը զոհվել է հոսանքի ուժեղ հարվածից, երբ լիցքավորման դրված iPhone 5-ին զանգ է եկել եւ նա փորձել է պատասխանել: Ողբերգությունը տեղի է ունեցել աղջկա բնակարանում` հուլիսի 11-ին:
«Հուսով եմ, որ Apple-ը կկարողանա բացատրել մեզ, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ: Ես նաեւ խնդրում եմ բոլոր սմարթֆոն ունեցողներին լիցքավորման ժամանակ չօգտվել դրանցից», - սոցիալական ցանցում գրել է Այլյունի բարեկամուհին, որը նշել է, որ Ման իսկական iPhone 5 է ունեցել:
Ոստիկանությունը հաստատել է չինուհու` հոսանքահարվելուց վրա հասած մահը, սակայն մասնագետները պնդում են, որ իրենք դեռ պետք է պարզեն` դրա մեղավորն արդյոք բջջային հեռախոսն է եղել:
Apple ընկերության ներկայացուցիչներն անմիջապես արձագանքել են. «Մենք խորապես ցավում ենք կատարվածի համար եւ հայտնում մեր խոր ցավակցությունները մահացածի ընտանիքին: Մենք կմասնակցենք ոստիկանական քննությանը եւ կհամագործակցենք իշխանությունների հետ»:
Life News-ը նշում է, որ աշխարհում նախկինում էլ են գրանցվել iPhone հեռախոսներով խոսելիս հոսանքահարվելու մահացու դեպքեր: Սակայն դրանց մեծամասնությունը եղել են կեղծ ապրանքներ եւ անորակ արտադրանք:





























