Բանակաշինության գործընթացը Արցախի կենսագործունեության առանցքային ուղղություններից մեկն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով ներկա է գտնվել պլանային համաբանակային հրամանատարական հավաքին եւ հանդես եկել ելույթով:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ իր խոսքում Արցախի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատան ընդգծել է, որ առանց հզոր ու մարտունակ զինված ուժերի անհնարին է պատկերացնել հայոց անկախ պետականությունն ու նրա հուսալի ապագան:
Բակո Սահակյանը նշել է, որ հենց այս խորին գիտակցությամբ է արվում եւ այսուհետ էլ կարվի հնարավոր ամեն ինչ` զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացման, տեխնիկական հագեցվածության արդիականացման, բանակի ոգին անսասան պահելու, Հայրենիքի պաշտպանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել զինված ուժերի բարձրագույն հրամկազմին՝ համաբանակային հավաքի պատշաճ կազմակերպման ուղղությամբ:





























