Եգիպտոսում` Սինայի թերակղզում, ահաբեկչության արդյունքում զոհվել է առնվազն 3 մարդ, եւս 17 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ահաբեկիչները նռնականետերից կրակ են բացել ավտոբուսի ուղղությամբ, որը բանվորներին տեղափոխում էր Գազայի հատվածի մոտ գտնվող Էլ-Արիշ քաղաքի ցեմենտի ֆաբրիկա:

Ականատեսների վկայությամբ` հարձակվողները գրոհի պահին գոռացել են «Ալլահ աքբար»: Իրավապահներին չի հաջողվել ձերբակալել ահաբեկիչներին, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով AP-ն: Վարկածներից մեկի համաձայն` գրոհայինների նպատակը բանվորներով ավտոբուսը չի եղել, այլ այն ուղեկցող մարտական պահակախումբը, հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ահաբեկչությունից հետո Եգիպտոսի բանակը փակել է դեպի թերակղզի տանող բոլոր մուտքերը: Լիարժեք մարտական պատրաստվածության են բերվել ռազմական ոստիկանության զորքերն ու ստորաբաժանումները: