Ֆրանսիան հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման սկզբունքին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն` ԱՊԱ-ին տված հարցազրույցում:

«Մենք հավատարիմ ենք դրան, Փարիզում բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպվել»,-ընդգծել է դեսպանը, հավելելով, որ Ֆրանսիան մտադիր է Ստրասբուրգում, ինչպես նաեւ Փարիզում հանդիպում կազմակերպել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: «Հաշտվելու ժամանակն է: Այդ մոտեցման կողմնակից է նաեւ ԵՄ-ն, որը եւս առաջարկում է կապեր հաստատել մարդկանց միջեւ: Դա շատ կարեւոր է: Չեք կարող հաշտեցնել երկու ժողովուրդներ, եթե կառավարությունները ասում են, որ նրանք թշնամիներ են: Կարծում եմ, որ դա հասկանում են նաեւ հակամարտող կողմերը եւ հուսով ենք, որ դա գործով կցուցադրվի»,-ընդգծել է դեսպանը:

Պատասխանելով այն հարցին, արդյոք Փարիզում հաճախ կրկնվող հանդիպումները նշանակում են, որ Ֆրանսիան պատրաստ է ավելի ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, դեսպանը պատասխանել է, որ երեք համանախագահների միջեւ մրցակցություն չկա, նրանք միասին աշխատում են որպես թիմ. «Փարիզը պարզապես երբեմն շատ հարմար վայր է հանդիպումներ կազմակերպելու համար, քանի որ գտնվում է ԱՄՆ եւ Կովկասի միջեւ: Սակայն նման հանդիպումներ անցկացվել են նաեւ Կրակովում: Այնպես որ Փարիզը շատ ուրախ է օգտակար լինել, սակայն դա առանձնանալու համար չէ»:

Դեսպանի խոսքով` բազմաթիվ դիտորդներ այս տարի Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրությունների պատճառով բանակցությունների տապալում չեն ակնկալում. «Սակայն դա չի նշանակում, որ տարին կորած է: Կարծում եմ, որ այս տարին կողմերին նոր գաղափարներ եւ քննարկումներ առաջարկելու տարի է: Սա ինքնին քայլ է դեպի առաջ»: