Սիրիայում գրոհայինների կողմից կռվող երեք թունիսցիներ խոստովանել են, որ ցանկացել են հայրենիք վերադառնալ Թուրքիայի միջոցով: Նրանք «Ջեբհատ Ան-Նուսրա» խմբավորման անդամներ են, որն ԱՄՆ պետքարտուղարության կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:

Մուհամեդ Բեն Մուսան պատմել է, որ Սիրիայում է արդեն 8 ամիս: Նա լիբիական Բենգազիից ժամանել է Ստամբուլի օդանավակայան, ապա ուղեւորվել Անթաքիա, որտեղից էլ եկել է Սիրիա: Նա 21 օր նախապատրաստվել է «Ջեբհատ Ան-Նուսրայի» ճամբարում, հետո միացել թունիսցի գրոհայիններին, որոնք պայքարում են սիրիական կառավարական բանակի դեմ, հաղորդում է «Դամասկոս» պետական միջազգային ռադիոկայանը` վկայակոչելով «Աթ-Թունիսիս» պարբերականի հրապարակումը:

Մեկ այլ ահաբեկիչ ընդգծել է, որ Սիրիայում «Ալ-Կաիդայի» կազմակերպությունների եւ Թուրքիայի միջեւ կապը իրականացվել է թուրքական «բարեգործական» միությունների կողմից, ինչպիսին է «Ռուհամա Ամինը»: Նրանք վիրավորված գրոհայիններին Սիրիայից տեղափոխում են Թուրքիայի հիվանդանոցներ, ապա` հետ վերադարձնում:

Եվս մեկ գրոհային պատմել է, որ ուսանող է եղել, հետո միացել Թունիսում սալաֆիական ուղղության հետեւորդներին, որոնք նրան նախ ուղարկել են Թուրքիա, ապա` Սիրիա: Նրա խոսքով` բազմաթիվ թունիսցիներ գործում են «Ջեբհատ Ան-Նուսրայի» շարքերում, որը կապված է «Ալ-Կաիդայի» հետ: