Դատարանում «շոու» սարքելը արդարացված է միայն քաղաքական գործերով, իսկ ահաբեկչական գործերում՝ ինքնաոչնչացման տանող ուղեգիծ է։ Այս մասին «Facebook» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը:
«Այսօր առկա հարցերի պայմաններում Սիրունյանների (գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանի փաստաբան-խմբ) սիրուն երեւալու ճիգերին անդրադառնալն անտեղի է։ Փաստաբանն իր անտակտություններով չէ, որ գնահատվում է, այլ իր պաշտպանյալին բերած օգուտով։ Սա իր «խորհրդատուներով» սխալ, ինքնաջախջախիչ մարտավարություն է ընտրել, որ բացի նրանից, որ Սեդրակյանին կվնասի, իր փաստաբանական ապագայի համար էլ շահեկան չի լինի։ Սրանք Սեդրակյանին պաշտպանելու փոխարեն հանցագործությունը պարտակելու իրենց փորձերով ցույց տվեցին, որ փրփուրներից են կախվում, որ նույնն է՝ արդարանալու այլ՝ առարկայական կռվաններ չունեն․․․ Հանգիստ թողնենք սրանց՝ այս երրորդ կարգային միջնորդներին։ Առանց այն էլ ծանր վիճակում են․․․
Այս գիշեր երազումս կարողանում էի գրիչով գրել եւ շատ գեղեցիկ էի գրում։ Իրականում շատ է ձգձգվում ու մնում անորոշ։ Երեւի այդ պատճառով էլ ենթագիտակցությանս է հասնում ու դառնում երազ թե dreem եւ թե wish իմաստներով»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում):
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:
Ավելի ուշ կալանավորվել է նաեւ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մտերիմներ Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























