Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի ընտանիքի համար անսպասելի էր երեկ` հուլիսի 14-ին, Պռոշյանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Սպանված գյուղապետի եղբոր որդին` Հակոբ Մուրադյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինչպես ամբողջ երկրում են ընտրություններն անցնում, այնպես էլ այնտեղ են անցել:

«Ոնց ամբողջ երկրում է եղել, այնպես էլ այստեղ է եղել: Նման ելքը, իհարկե, սպասելի չէր մեր համար, ի՞նչ պիտի անենք: Դեպքի առաջին օրվանից էլ չենք կասկածել, որ պարոն Մուրադյանի սպանությունը կապ ունի իր պաշտոնի, քաղաքական գործունեության հետ»,- ասաց Հակոբ Մուրադյանը:

Նա նշեց, որ «ինչպես մնացածն են անցնում, այնպես էլ այստեղ են անցել», եւ այդ հարցում մի շարք անձանց «մատն է խառը»` վարչապետ, Կոտայքի մարզպետ, Պաշտպանության նախարար, Արման Սահակյանի եւ նրա հոր: Նրանք, թերեւս, չեն բողոքարկի ընտրությունների արդյունքները, իմաստ չեն տեսնում, իսկ իրենց սատարած թեկնածուն` Պռոշյանի գյուղապետի տեղակալ ՀՅԴ-ական Վովա Սահակյանն էլ չի շարունակի աշխատել իր պաշտոնում:

«Ես միայն մի բան գիտեմ, որ ժողովրդին կաշառել են: Ապագան ցույց կտա, թե ինչպիսի գյուղապետ կլինի Արթուր Մուրադյանը, բայց իր նման 500 հոգի էլ լինեն, Հրաչ Մուրադյանին չեն կարող հասնել, իր կողքով էլ չեն կարող քայլել»,- ասաց սպանված գյուղապետի եղբորորդին:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում հուլիսի 14-ին տեղի են ունեցել գյուղապետի արտահերթ ընտրություններ, որտեղ հաղթանակ է տարել ՀՀԿ թեկնածու Արթուր Մուրադյանը:

Ըստ ԿԸՀ տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է 3991 ընտրողներից 2798-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանն ստացել է 1317 ձայն, ՀՅԴ թեկնածու Վովա Սահակյանը՝ 1241 ձայն, իսկ անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը՝ 178 ձայն:

Նշենք, որ նախապես Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար ինքնառաջադրվել էր 5 թեկնածու` անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, «Դելիկտ» ՍՊԸ-ի անկուսակցական տնօրեն Ցոլակ Գրիգորյանը, Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը,  ՀՅԴ անդամ, Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանը եւ ՀՀԿ անդամ, նախորդ ընտրություններին սպանված գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանը: Ավելի ուշ, սակայն, թեկնածուներից Գալուստ Մկրտչյանը եւ Ցոլակ Գրիգորյանը ինքնաբացարկ էին հայտնել:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ)  եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել:

Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում էր նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը:

Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանն ազատվել էր արգելանքից: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:

Արգելանքից ազատվելուց օրեր անց Արտակ Պետրոսյանը ձերբակալվել, ապա` կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով: Դա կապված է սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա ՀՀԿ-ական մրցակից Արթուր Մուրադյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետ, այդ ժամանակ նա դեպքի վայրում է եղել: