Վրացական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Հայաստանի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանին վրացական իշխանությունները թույլ չեն տվել երկիր մտնել` մասնակցելու աշուղ Ջիվանիի հոբելյանին նվիրված միջոցառմանը, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ինքը՝  «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Նրա խոսքով` ինքը հուլիսի 14-ին չի մեկնել Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղ, որտեղ կազմակերպվել է միջոցառումը. «Ապատեղեկատվության պատճառն, ակնհայտորեն, իմ հայտարարությունն էր, որն ավելի վաղ էր արվել եւ վերաբերում էր նրան, որ մտադիր էի ներկա գտնվել այդ միջոցառմանը: Սակայն չէի մեկնել»:

Նշենք, որ «Գրուզիա Online»-ը՝ վկայակոչելով Ախալքալաքում որոշ աղբյուրներ, հաղորդել է, որ միջոցառմանը պետք է ներկա գտնվի Շիրակ Թորոսյանը, «ով հայտնի է Վրաստանի եւ դրա Ջավախեթիա շրջանի վերաբերյալ իր անջատողական արտահայտություններով»: Աղբյուրի տվյալներով` վրացական կողմը թույլ չի տվել, որ Շիրակ Թորոսյանը մուտք գործի երկիր: