Հայաստանի պետական սահմանի անցման կետերում եւ տարանցիկ գոտիներում կստեղծվեն հատուկ կացարաններ՝ օտարերկրացի փախստականներին պահելու համար: ՀՀ ազգային անվտանգության ծառայության առաջարկով ՀՀ կառավարությունը հուլիսի 18-ի նիստում կքննարկի այդ կացարաններում օտարերկրացիներին պահելու կարգը:
Հատուկ կացարանը հուսալի փականներով փակվող դռներով սենյակներ (շինություն) է` կից միջանցքով, որտեղ կբացառվի այլ անձանց ներթափանցումը, ինչպես նաեւ սահմանապահին հնարավորություն կընձեռվի մշտապես հսկողություն իրականացնել այնտեղ պահվող անձանց նկատմամբ: Յուրաքանչյուր անցման կետում պետք է լինի առնվազն երկու` տարբեր սեռերի անձանց, տարբեր երկրների քաղաքացիներին (իր ցանկությամբ), տարբեր կրոնների ներկայացուցիչներին առանձին պահելու համար սենյակներ:
Անձնական հիգիենայի համար օտարեկրացիներին նաեւ տաք ջրով լողանալու հնարավորություն կընձեռեն:
Հատուկ կացարանների սենյակներում նվազագույն ջերմաստիճանը պետք է լինի + 18˚C, մշտական էլեկտրաէներգիայի առկայությամբ:





























