Վրաստանի նախագահի աշխատակազմը Միխայիլ Սահակաշվիլիի ստորագրությամբ նամակ է ուղարկել արդարադատության նախարարություն` պահանջելով պաշտոնանկ անել երկրի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլիին:
Ավելի վաղ Սահակաշվիլին հայտնել էր, որ շարունակելու է Քբիլաշվիլիի հրաժարականը պահանջել` բանտարկյալներին կտտանքների ենթարկելու աղմկահարույց տեսագրությունների հեղինակ Վլադիմիր Բեդուկաձեին պատասխանատվությունից ազատելու կապակցությամբ:
Ըստ Վրաստանի օրենսդրության` գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու իրավունք ունի նախագահը` արդարադատության նախարարի դիմումի հիման վրա, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Այնինչ, Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հուլիսի 15-ին հայտնել է, որ մտադիր չէ միջնորդել Վրաստանի գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու համար: «Ես ծանոթացել եմ նախագահի բանավոր կոչին եւ արդեն ասել եմ, որ Քբիլաշվիլիի հրաժարականի վերաբերյալ միջնորդություն չեմ ներկայացնի, սակայն ես նաեւ գրավոր կպատասխանեմ, երբ ստանամ նախագահի նամակը», - հայտարարել է Ծուլուկիանին` «Մաեստրո-24» հեռուստաալիքի եթերում:
Անցյալ շաբաթ Սահակաշվիլին արդեն կոչ արել էր իրեն Քբիլաշվիլիի հրաժարականի դիմում ներկայացնել ստորագրելու, սակայն այն ժամանակ էլ Թեա Ծուլուկիանին հայտնել էր, որ Քբիլաշվիլիի պաշտոնանկության հարց դրված չէ:
Բեդուկաձեն Գլդանի №8 բանտում բանտարկյալներին կտտանքների ենթարկելու աղմկահարույց տեսագրությունների հեղինակն է, որոնք տարածվել էին 2012թ. սեպտեմբերին` խորհրդարանական ընտրությունների նախօրեին:





























