Պռոշյանում ընտրություններն անցել են շատ լավ, ոչ մի ընտրակեղծիք չի եղել, թափանցիկ ընտրություններ էին, արդար, ոչ մի կեղծ արձանագրություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պռոշյանի նորընտիր գյուղապետ, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը:
Նա կարծիք հայտնեց, որ այս ընտրություններում իրեն հաղթել օգնեց գյուղացիների հարգանքը: Իսկ թե ինչն էր խանգարում, որ այդ հարգանքը դրսեւորվեր նաեւ նախորդ ընտրություններում, երբ նախկին գյուղապետ, գյուղապետարանի դիմաց սպանված Հրաչ Մուրադյանը եւս առաջադրվում էր, ապա նորընտիր գյուղապետն այսպես արձագանքեց. «Դե հիմա այդպես ստացվեց, գործող գյուղապետի դեմ միշտ էլ դժվար է պայքարելը: Այս անգամ ընտրվելը չէր հեշտացել, նույն ընտրությունն էր, նույն պայքարը: Այս անգամ ընտրությունները շատ հանգիստ, խախանդ է անցել»,-- ասաց նա` հավելելով, որ Հրաչ Մուրադյանն էլ իր հարգանքն էր վայելում գյուղում: Նա շեշտեց, որ ինքը գյուղապետ է ընտրվել գյուղացիների կամքով, ցանկությունը եւ դեռ կապացուցի, որ կարող է Պռոշյանի համար լիքը լավ գործեր անել:
Արթուր Մուրադյանը հավաստիացնում է, որ Պռոշյանում լարվածություն չկա: Հարցին, թե չե?ք կարծում, որ ձեր առաջադրվելուց եւ ընտրվելուց հետո նախկին գյուղապետի սպանության գործով կասկածները կխորանան ձեր նկատմամբ, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ իրենք էլ ինձ լավ ճանաչում, նման կարծիք է չունեն»:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում հուլիսի 14-ին տեղի են ունեցել գյուղապետի արտահերթ ընտրություններ, որտեղ հաղթանակ է տարել ՀՀԿ թեկնածու Արթուր Մուրադյանը:
Ըստ ԿԸՀ տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է 3991 ընտրողներից 2798-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանն ստացել է 1317 ձայն, ՀՅԴ թեկնածու Վովա Սահակյանը՝ 1241 ձայն, իսկ անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը՝ 178 ձայն:
Նշենք, որ նախապես Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար ինքնառաջադրվել էր 5 թեկնածու` անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, «Դելիկտ» ՍՊԸ-ի անկուսակցական տնօրեն Ցոլակ Գրիգորյանը, Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը, ՀՅԴ անդամ, Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանը եւ ՀՀԿ անդամ, նախորդ ընտրություններին սպանված գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանը: Ավելի ուշ, սակայն, թեկնածուներից Գալուստ Մկրտչյանը եւ Ցոլակ Գրիգորյանը ինքնաբացարկ էին հայտնել:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել:
Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում էր նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը:
Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանն ազատվել էր արգելանքից: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:
Արգելանքից ազատվելուց օրեր անց Արտակ Պետրոսյանը ձերբակալվել, ապա` կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով: Դա կապված է սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա ՀՀԿ-ական մրցակից Արթուր Մուրադյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետ, այդ ժամանակ նա դեպքի վայրում է եղել:




























