Եւ Ադրբեջանում, եւ Հայաստանում հասկացել են, որ չլուծված հակամարտությունները թանկ են նստում, երբ խոսքը գնում է մարդկային տառապանքների մասին: Ադրբեջանական Trend News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ ղարաբաղյան հակամարտության հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:

«Ես նախկինի պես լավատես եմ այս տարի հակամարտությունը լուծելու հնարավորության վերաբերյալ: Իմ ակնկալիքներն այդպիսին են, քանի որ Բաքվում եւ Երեւանում կա քաղաքական կամք՝ ընթանալ առաջ եւ հասնել խաղաղ ու երկարաժամկետ լուծման»,- նկատել է Լենմարկերը:

Նա նշել է, որ Վրաստանում օգոստոսյան պատերազմը հիշեցրեց բոլորին, որ չկարգավորված հակամարտությունները շատ վտանգավոր են:

Ղարաբաղյան հակամարտության գործում, ըստ Լենմարկերի, կարեւոր է Ղազախստանի՝ որպես ԵԱՀԿ նախագահի, դերը:

«Դա պետություն է, որ դուրս է եկել Խորհրդային Միությունից, եւ ղազախները կարող են թարմ գաղափարներ եւ հակամարտությանն այլ դիրքից դիտելու նոր պատրաստակամություն դրսեւորել: ԵԱՀԿ գործող նախագահն իր գերակայություններից մեկը համարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, եւ ես լիովին աջակցում եմ նման որոշմանը»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը:

Այժմ դրա համար հարմար պահն է հասել, եւ ԵԱՀԿ ղեկավարութան աջակցությամբ հնարավոր է իսկապես առաջընթացի հասնել: «Եկել է ժամանակը տղամարդկություն դրսեւորելու, որ լուծեն ղարաբաղյան հակամարտությունը: Չի կարելի թույլ տալ հակամարտության ռազմական լուծում: Այդ հակամարտությունը սառեցված չէ, շփման գծում ամեն օր մարդիկ են զոհվում, եւ այդպես շարունակել չի կարելի»,- ասել է Լենմարկերը:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշն ու Լենմարկերը կժամանեն Երեւան: