Եվրոպական միությունը մտադիր է պրագմատիկ կապեր հաստատել հարեւան երկրների հետ։ Այդ մասին ասել է Եվրամիության ընդարձակման եւ հարեւանության հետ հարաբերությունների գծով նորանշանակ հանձնակատար, չեխ քաղաքական գործիչ Շտեֆան Ֆյուլեն՝ «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում։
Ֆյուլեի խոսքերով, Եվրամիությունը արդեն ունի որոշակի համաձայնություններ մի քանի երկրի հետ։ Լավ օրինակը Վրաստանն է։ Մնացած երկրների հետ էլ բանակցությունները շարունակվելու են։
Եվրոպական միության ընդարձակման եւ հարեւանության հետ հարաբերությունների գծով հանձնակատարը, խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, նշել է. «Մենք ցանկանում ենք բարելավել կապերը Եվրոպայի այդ հատվածի հետ, սակայն դա չպետք է լինի երրորդ երկրների շահերի հաշվին»: Նա ներկայացրել է իր հայրենի Չեխիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների օրինակը: «Մեզ էլ էին ասում, թե մենք պետք է ընտրություն անենք Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ։ Մենք պատասխանում էինք, որ նման բան չկա, որ միանալով ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը` մենք նույնիսկ կարող ենք բարելավել կապերը Ռուսաստանի հետ։ Այսօր Չեխիայի եւ Ռուսաստանի հարաբերություններում այլեւս չկա նախկինում առկա զգացմունքային ենթատեքստը։ Հարաբերությունները բարելավվել եւ ավելի պրագմատիկ են դարձել։ Դա հենց այն է, ինչին ձգտում ենք Արեւելյան գործընկերության երկրների հետ»,- ասել է Շտեֆան Ֆյուլեն։
Հիշեցնենք, որ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Բելառուսը:



















