Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը պարտականությունները ստանձնելու կապակցությամբ մարտի 9-ին ՍԾՏՀԿ Մշտական միջազգային քարտուղարության Գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին է հանձնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՍԾՏՀԿ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Միքայել Վարդանյանը կարեւորել է Հայաստանի մասնակցությունը բազմակողմ համագործակցության ձեւաչափում՝ նշելով, որ իր պաշտոնավարության ընթացքում կշարունակի ջանքեր գործադրել կազմակերպության շրջանակում համագործակցության տարբեր ոլորտներում Հայաստանի շահերը պաշտպանելու, սոցիալ-տնտեսական նախագծերում Հայաստանի մասնակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Գլխավոր քարտուղար Քրիզանթոպուլոսը, իր հերթին գոհունակությամբ նշել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության շրջանակում իրականացվող աշխատանքներում, մասնավորապեսч վերջին տարիների ընթացքում, բարձր գնահատելով մեր երկրի հստակ եւ կառուցողական մոտեցումներն ու դիրքորոշումները, որոնք ուղղված են տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացմանն ու ՍԾՏՀ կազմակերպության արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել են համագործակցության արդիական խնդիրներն ու ապագա անելիքները, ինչպես նաեւ ՍԾՏՀ-ԵՄ գործակցությունը:

Միքայել Վարդանյանը հանդիպել է նաեւ ՍԾՏՀ Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Նոյան Սումրուի հետ:

Նույն օրը Միքայել Վարդանյանին ընդունել է Թուրքիայի Հայոց Հոգեւոր խորհրդի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը՝ նորանշանակ մշտական ներկայացուցչին ներկայացնելով Ստամբուլի հայ համայնքի առօրյան: