Հրաչյա Հարությունյանը գտնվում է բավական ծանր բարոյահոգեբանական վիճակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նրա փաստաբան Ալեքսանդր Մալցեւը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե մտավախություն կա, որ Հարությունյանը  կարող է ինքնասպանություն գործել:

«Նա տեղի ունեցածում միայն իրեն է մեղադրում»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է բացառել վիճակը, որի դեպքում՝ իր պաշտպանյալը կարող է իրականացնել ինքնասպան լինելու հակումը: «Այդ միտքը ես եմ հայտնել եւ հիվանդանոցի աշխատակիցները: Նրան չի կարելի մենակ թողնել»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանին դատարանի դահլիճ են բերել կանացի խալաթով եւ նա շատ ընկճված տեսք է ունեցել:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը «նոր Մոսկվայում» բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Տեսանյութում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձում է խուսափել բախումից եւ կտրուկ շրջադարձ է կատարում: Այդ հնարքի արդյունքում բեռնատարը ճակատով բախվել է ուղեւորատար «ԼիԱԶ» ավտոբուսին, որը երկու մասի է բաժանվել:

Բեռնատարի վարորդին՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Հետաքննության վարկածներից մեկի համաձայն՝ վթարի պատճառը բեռնատարի խափանված արգելակներն են եղել: