Ռուսաստանի ՆԳՆ-ն սկսել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի փորձաքննությունը, որը ենթադրաբար, Պոդոլսկի մոտ սարսափելի վթարի պատճառ է դարձել:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է բեռնատարի ղեկին եղած Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մալցեւը, արդեն կա համապատասխան որոշումը, եւ վթարի ենթարկված բեռնատարը, ինչպես նաեւ քրեական գործի նյութերի պատճենը փոխանցվել են ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության փորձաքրեագիտական կենտրոն:

Նշենք, որ Հրաչյա Հարությունյանին դատարանի դահլիճ են տեղափոխել կանացի խալաթով եւ հողաթափերով, ինչը բուռն հակազդեցություն է առաջացրել Հայաստանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը «նոր Մոսկվայում» բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Տեսանյութում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձում է խուսափել բախումից եւ կտրուկ շրջադարձ է կատարում: Այդ հնարքի արդյունքում բեռնատարը ճակատով բախվել է ուղեւորատար «ԼիԱԶ» ավտոբուսին, որը երկու մասի է բաժանվել:

Բեռնատարի վարորդին՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Հետաքննության վարկածներից մեկի համաձայն՝ վթարի պատճառը բեռնատարի խափանված արգելակներն են եղել: